Լիբանանահայ Օգնության Խաչի փոքրիկները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագրին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փոքրիկները լուսանկարվել են Լիբանանի Բիքֆայա քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:
Կոչ ենք ուղղում Սփյուռքի և Հայաստանի բոլոր դպրոցներին, կազմակերպություններին, որ նրանք նույնպես իրենց մասնակցությունը բերեն համահայկական այս ծրագրին: Ընդամենը պետք է տպել համապատասխան գրությամբ պաստառը, տալ երեխայի ձեռքը և լուսանկարել իր բնակության վայրում գտնվող (եթե հնարավոր է) Ցեղասպանության հուշարձանի մոտ։
Մեր նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող այս բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:
Լուսանկարներն ամբողջությամբ կարող եք տեսնել այս ծրագրի համար ստեղծված facebook-յան էջում:
Տեղեկանք- Լիբանանի Բիքֆայա քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանը գտնվում է Կիլիկիո կաթողիկոսության հայկական վանքի տարածքում: Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 1960 թվականին, բացումը կատարվել է 1965 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 50-րդտարելիցի առթիվ` ի նշան հայ ժողովրդի վերածննդի և ի երախտագիտություն լիբանանյան ժողովրդի։
Հուշարձանը կառուցվել է լիբանանահայ համայնքի և Լիբանանի հայ առաքելական եկեղեցու ջանքերով։ Հուշարձանի նախագծող-ճարտարապետը Զավեն Խդշյանն է։
Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հուշարձանը ենթարկվել է ռմբակոծության և վնասվել է հուշարձանի ստորին մասը։ 1993 թվականին հուշարձանը վերականգնել է Հովսեփ Խաչերյանը:
Հուշարձանը բրոնզից է, ունի 5 մետր բարձրություն, պատկերում է ձեռքերը դեպի երկինք հառնած կնոջ։
ԼՕ Խ-ի «Նարօտ Արտալճեան» մանկապատանեկան գրադարանի փոքրիկները նոյնպէս միացան, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Հայոց ցեղասպանութեան հետևանքով միլիոնաւոր մանուկներ լոյս աշխարհ չեկան» ծրագրին:





